back button menu

Նախագիծ և նախագծերի կառավարում. եկե՛ք բացենք փակագծերը

Մենք անընդհատ լսում ենք նախագծերի և դրանց ճիշտ կառավարման անհրաժեշտության մասին, բայց արդյո՞ք հստակ պատկերացում ունենք` ինչի մասին է խոսքը:

Նախագծերը հնարավորություն են ստեղծում հասնելու որոշակի ցանկալի արդյունքների` համակարգված կառավարման շնորհիվ (օրինակ` արտադրանքի արտադրությունը կամ գիտելիքների փոխանակումը): Նախագծերում ներգրավված անհատներն ու կազմակերպությունները պետք է գիտակցեն, որ իրենց առջև դրվում է նպատակ` նախագծերի կառավարման միջոցով լուծելու խնդիրների մի ամբողջ բազմազանություն: Այնպես որ, նախագծի սահմանման և վերջինիս հիմնական բնութագրիչների ճիշտ ընկալումը ինքնանպատակ չէ, այն իսկապես մեծ կարևորություն ունի:

Եվ այսպես, այս նյութի շրջանակներում մենք կսահմանենք, թե ինչ է նախագիծը, որոնք են դրա հիմնական բնութագրերը և կքննարկենք նախագծերի կառավարումը:

Ինչ է նախագիծը. սահմանում

Ընդհանրապես, կազմակերպությունների և անհատների համար նախագիծը հիանալի հնարավորություն է` փոփոխությունների շնորհիվ բարձրացնելու նպատակներին հասնելու արդյունավետությունը: Նախագծերը օգնում են մեզ կատարել ցանկալի փոփոխություններն առավել կազմակերպված ձևով` միաժամանակ նվազեցնելով ձախողման հավանականությունը:

Եթե անդրադառնանք ստանդարտ սահմանմանը, ապա նախագիծը ժամանակավոր գործունեություն է, որը ձեռնարկվել է եզակի ապրանք, ծառայություն կամ արդյունք ստեղծելու համար: Ժամանակավոր լինելն այս դեպքում պարտադիր պահանջ է. մենք պետք է ունենանք նախագծի հստակ սահմանված սկիզբ և ավարտ, ինչպես նաև սահմանված ռեսուրսներ և նախագծերի շրջանակ (scope):

Նախագծի առանձնահատկությունը այն է, որ այն ենթադրում է ոչ թե սովորական / ընթացիկ գործողությունների իրականացում, այլ գործողությունների մի որոշակի շարք` նախատեսված եզակի նպատակի հասնելու համար: Դրանից ելնելով էլ` նախագծի թիմում հաճախ կարող են ընդգրկվել մարդիկ, ովքեր սովորաբար չեն աշխատում միասին. նրանք տարբեր կազմակերպություններից են, անգամ` աշխարհամասերից: Բիզնես գործընթացների բարելավման համար ծրագրային ապահովման մշակում, շենքի կամ կամուրջի կառուցում, բնական աղետից հետո օգնության ցուցաբերում, վաճառքների աշխարհագրության ընդլայնում` այս բոլորը ամենատարբեր նախագծերի օրինակներ են:

Նախագծերի կառավարում

Նախագծերի կառավարումը նախագիծը նախաձեռնելու (Initiation), պլանավորելու (Planning), իրականացնելու (Execution), վերահսկելու (Monitoring and Controlling) և փակելու (Closing) արվեստն է, որը ապահովում է հաջողված ելքով ցանկալի արդյունքներ: Այն լայնորեն կիրառվում է կազմակերպություններում` որպես ռազմավարական նպատակների և խնդիրների իրագործման գործիքների համալիր:

Այսպիսով, նախագծերի կառավարումը գիտելիքների (Knowledge), հմտությունների (Skills), գործիքների և տեխնիկաների (Tools and Techniques) կիրառումն է նախագծի աշխատանքային գործընթացում` նախագծի պահանջների բավարարման նպատակով:

Կազմակերպություններում նախագծերի կառավարման կիրառության հիմնական առավելություններից կարելի է առանձնացնել հետևյալները`

  • Նախագծերի շնորհիվ բարձրանում է կազմակերպության աշխատակիցների ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում, այսինքն` յուրաքանչյուր աշխատակից զգում և կարևորում է իր մասնակցությունը պրոցեսին: Այս ամենի արդյունքում կառավարման գործընթացներն առավել արագ են կատարելագործվում` ապահովելով մասնակցային կառավարման գաղափարի իրագործում:
  • Նախագծերը բերում են կազմակերպություն փոփոխություններ և այդ փոփոխություններից յուրաքանչյուրը ավելի է մոտեցնում կազմակերպությանն իր ռազմավարական նպատակների իրացմանը: Սրանով պայմանավորված` իրականացվող նախագծերը չպետք է լինեն ինքնանպատակ, դրանք պետք է հարեն կազմակերպության ռազմավարական նպատակներին:

Նախագծերի կառավարումը օգնում է նախագծի բոլոր մասնակից կողմերին մշտապես ուշադրության կենտրոնում պահել նախագծի նպատակները, ռեսուրսներն ու ժամանակացույցը: Իսկ այդ կենտրոնացման արժեքն արդեն իսկ գնահատվել է ամբողջ աշխարհում` դարձնելով նախագծերի կառավարումը գերարագ զարգացող և տարածվող դիսցիպլին, մշտական կրթության և վերապատրաստման առարկա և, իհարկե, կարիերայի ցանկալի ուղի: