Project Charter. նախագծի սկիզբը պաշտոնապես ազդարարող հիմնադիր փաստաթուղթ
Ե՞րբ է ծնվում նախագիծը: Գու՞ցե այն պահին, երբ, օրինակ, կազմակերպության հիմնադրի գլխում ծնվում է հիանալի միտք, և այդ պահից ի վեր նա զօր ու գիշեր անց է կացնում միայն դրա մասին մտածելով և պլանավորելով: Ո՛չ, այս պահին դեռ ոչ: Հիանալի գաղափարին դեռևս սպասվում է մի փուլ, երբ այն պետք է անցնի գնահատում, օրինակ` իրականացվի ծախսեր-օգուտներ վերլուծություն` պարզելու` արդյոք գաղափարը շահավետ է, թե ոչ: Եթե գաղափար-նախագիծը համահունչ լինի կազմակերպության բիզնես նպատակներին, ապա կազմակերպությունը հետամուտ կլինի վերջինիս իրականացմանը: Եվ ահա այստեղ կստեղծվի Project Charter-ը` նախագծի հիմնադիր փաստաթուղթը, որը կհամարվի նախագծի ծննդականը:
Project Charter-ը նախագծի ամենակարևոր փաստաթուղթն է: Այն, սովորաբար, ոչ ծավալուն փաստաթուղթ է, որը նկարագրում է նախագիծն ամբողջությամբ, բայց հակիրճ, օրինակ` նշվում են նախագծի նպատակները, հիմնական շահառուները, սպասվող արդյունքները և այլն: Նախագծի կյանքում այս փաստաթղթի ստեղծումը կարևորագույն փուլ է, քանի որ Porject Charter-ն ուղեկցելու է ձեզ նախագծի իրականացման ամբողջ ընթացքում:
Եթե կարճ, ապա նախագծի հիմնադիր փաստաթուղթը սահմանում է նախագծի գոյությունը, ինչպես նաև նախագծի ղեկավարին, ում տրվում են լիազորություններ` ղեկավարելու նախագիծը և կառավարելու ռեսուրսները` աշխատանքը հաջող ավարտին հասցնելու համար:
Այս փաստաթղթի ցանկացած փոփոխություն կարող է հսկայական ազդեցություն ունենալ նախագծի վրա: Հետևաբար, փոփոխությունները լինում են հազվադեպ և պահանջում են հաստատում ամենաբարձր ղեկավար մակարդակներում:
Project Charter-ը պատասխանում է հետևյալ հարցերին`
- Ո՞րն է նախագծի էությունը: Որո՞նք են նախագծի խնդիրներն ու նպատակները: Ինչպե՞ս եք պատրաստվում հասնել նպատակներին:
- Ինչու՞ է նախագիծն իրականացվում: Յուրաքանչյուր ընթերցող` լինի դա թիմի որևէ անդամ, նախագծի ղեկավար, հովանավոր, շահառու և այլն, պետք է պատկերացում կազմի, թե ինչ է իրենից ներկայացնում նախագիծը, ինչի համար է այն իրականացվում և որն է դրա ստեղծած արժեքը:
- Կարո՞ղ ենք արդյոք համաձայնության գալ նախագծի շուրջ: Project Charter-ը գործում է որպես կապող փաստաթուղթ` ծրագրի հովանավորի և հիմնական շահագրգիռ կողմերի միջև: Շնորհիվ դերերի հստակ սահմանազատման` յուրաքանչյուրը հասկանում է նախագծի շրջանակներում իրեն վերապահված դերն ու պարտականությունները և հետևում է վերջիններիս:
Հիմնականում հիմնադիր փաստաթուղթն առնվազն ներառում է հետևյալ տեղեկատվությունը`
- Նախագծի իրականացման պատճառ / purpose;
- Նախագծի չափելի նպատակներ և հաջողության գնահատման չափանիշներ;
- Նախագծի նկատմամբ ներկայացվող ընդհանուր պահանջներ;
- Նախագծի ընդհանուր նկարագիր և ակնկալվող հիմնական արդյունքներ;
- Նախագծի իրականացման ընդհանուր ռիսկ;
- Ամփոփ փուլային ժամանակացույց;
- Նախապես հաստատված ֆինանսական ռեսուրսներ;
- Հիմնական շահառուների ցանկ;
- Նախագծի հաստատման պահանջներ;
- Նախագծից ելքի չափանիշներ / project exit criteria;
- Նշանակված նախագծի ղեկավար, վերջինիս պատասխանատվության և լիազորությունների շրջանակ;
- Նախագծի հովանավոր, վերջինիս լիազորությունների շրջանակ:
Հիշեք` ՉԿԱ PROJECT CHARTER, ՉԿԱ ՆԱԽԱԳԻԾ!
Charter-ի ստեղծած առավելությունները շատ ավելին են, քան դրա ստեղծման վրա գործադրվող ջանքերը.
- Այն ծրագրի ղեկավարին տալիս է նախագիծն իրականացնելու լիազորություն;
- Բացատրում է նախագծի գոյության իմաստը;
- Ցույց է տալիս, որ նախագիծն աջակցություն է ստանում ղեկավարության կողմից;
- Սահմանում է արդյունքը;
- Ծառայեցնում է նախագիծը կազմակերպության նպատակներին;
- Ստեղծում է թափանցիկ հաշվետվողականության համակարգ թիմի անդամների համար;
- Փրկում է ձեզ նախագծի շրջանակներից դուրս աշխատանք կատարելուց;
- Օգնում է ձեզ խուսափել վեճերից: