back button menu

Project Charter. նախագծի սկիզբը պաշտոնապես ազդարարող հիմնադիր փաստաթուղթ

Ե՞րբ է ծնվում նախագիծը: Գու՞ցե այն պահին, երբ, օրինակ, կազմակերպության հիմնադրի գլխում ծնվում է հիանալի միտք, և այդ պահից ի վեր նա զօր ու գիշեր անց է կացնում միայն դրա մասին մտածելով և պլանավորելով: Ո՛չ, այս պահին դեռ ոչ: Հիանալի գաղափարին դեռևս սպասվում է մի փուլ, երբ այն պետք է անցնի գնահատում, օրինակ` իրականացվի ծախսեր-օգուտներ վերլուծություն` պարզելու` արդյոք գաղափարը շահավետ է, թե ոչ: Եթե գաղափար-նախագիծը համահունչ լինի կազմակերպության բիզնես նպատակներին, ապա կազմակերպությունը հետամուտ կլինի վերջինիս իրականացմանը: Եվ ահա այստեղ կստեղծվի Project Charter-ը` նախագծի հիմնադիր փաստաթուղթը, որը կհամարվի նախագծի ծննդականը:

Project Charter-ը նախագծի ամենակարևոր փաստաթուղթն է: Այն, սովորաբար, ոչ ծավալուն փաստաթուղթ է, որը նկարագրում է նախագիծն ամբողջությամբ, բայց հակիրճ, օրինակ` նշվում են նախագծի նպատակները, հիմնական շահառուները, սպասվող արդյունքները և այլն: Նախագծի կյանքում այս փաստաթղթի ստեղծումը կարևորագույն փուլ է, քանի որ Porject Charter-ն ուղեկցելու է ձեզ նախագծի իրականացման ամբողջ ընթացքում:

Եթե կարճ, ապա նախագծի հիմնադիր փաստաթուղթը սահմանում է նախագծի գոյությունը, ինչպես նաև նախագծի ղեկավարին, ում տրվում են լիազորություններ` ղեկավարելու նախագիծը և կառավարելու ռեսուրսները` աշխատանքը հաջող ավարտին հասցնելու համար:

Այս փաստաթղթի ցանկացած փոփոխություն կարող է հսկայական ազդեցություն ունենալ նախագծի վրա: Հետևաբար, փոփոխությունները լինում են հազվադեպ և պահանջում են հաստատում ամենաբարձր ղեկավար մակարդակներում:

Project Charter-ը պատասխանում է հետևյալ հարցերին`

  1. Ո՞րն է նախագծի էությունը: Որո՞նք են նախագծի խնդիրներն ու նպատակները: Ինչպե՞ս եք պատրաստվում հասնել նպատակներին:
  2. Ինչու՞ է նախագիծն իրականացվում: Յուրաքանչյուր ընթերցող` լինի դա թիմի որևէ անդամ, նախագծի ղեկավար, հովանավոր, շահառու և այլն, պետք է պատկերացում կազմի, թե ինչ է իրենից ներկայացնում նախագիծը, ինչի համար է այն իրականացվում և որն է դրա ստեղծած արժեքը:
  3. Կարո՞ղ ենք արդյոք համաձայնության գալ նախագծի շուրջ: Project Charter-ը գործում է որպես կապող փաստաթուղթ` ծրագրի հովանավորի և հիմնական շահագրգիռ կողմերի միջև: Շնորհիվ դերերի հստակ սահմանազատման` յուրաքանչյուրը հասկանում է նախագծի շրջանակներում իրեն վերապահված դերն ու պարտականությունները և հետևում է վերջիններիս:

Հիմնականում հիմնադիր փաստաթուղթն առնվազն ներառում է հետևյալ տեղեկատվությունը`

  • Նախագծի իրականացման պատճառ / purpose;
  • Նախագծի չափելի նպատակներ և հաջողության գնահատման չափանիշներ;
  • Նախագծի նկատմամբ ներկայացվող ընդհանուր պահանջներ;
  • Նախագծի ընդհանուր նկարագիր և ակնկալվող հիմնական արդյունքներ;
  • Նախագծի իրականացման ընդհանուր ռիսկ;
  • Ամփոփ փուլային ժամանակացույց;
  • Նախապես հաստատված ֆինանսական ռեսուրսներ;
  • Հիմնական շահառուների ցանկ;
  • Նախագծի հաստատման պահանջներ;
  • Նախագծից ելքի չափանիշներ / project exit criteria;
  • Նշանակված նախագծի ղեկավար, վերջինիս պատասխանատվության և լիազորությունների շրջանակ;
  • Նախագծի հովանավոր, վերջինիս լիազորությունների շրջանակ:

Հիշեք` ՉԿԱ PROJECT CHARTER, ՉԿԱ ՆԱԽԱԳԻԾ!

Charter-ի ստեղծած առավելությունները շատ ավելին են, քան դրա ստեղծման վրա գործադրվող ջանքերը.

  • Այն ծրագրի ղեկավարին տալիս է նախագիծն իրականացնելու լիազորություն;
  • Բացատրում է նախագծի գոյության իմաստը;
  • Ցույց է տալիս, որ նախագիծն աջակցություն է ստանում ղեկավարության կողմից;
  • Սահմանում է արդյունքը;
  • Ծառայեցնում է նախագիծը կազմակերպության նպատակներին;
  • Ստեղծում է թափանցիկ հաշվետվողականության համակարգ թիմի անդամների համար;
  • Փրկում է ձեզ նախագծի շրջանակներից դուրս աշխատանք կատարելուց;
  • Օգնում է ձեզ խուսափել վեճերից: