back button menu

Ապրանքի կենսացիկլ և նախագծի կենսացիկլ. երկու տարբեր կյանքեր

Գիտե՞ք արդյոք, որ նախագծի և ապրանքի կյանքի ցիկլերը (project and product lifecycle) տարբեր հասկացություններ են: Այս երկուսի տարբերությունները հասկանալն իսկապես կարևոր է նախագծի ղեկավարի համար, չէ՞ որ շատ են այն դեպքերը, երբ, օրինակ, որպես նախագծի արդյունք մենք ունենում ենք որևէ ապրանք, որը շարունակելու է ապրել անգամ նախագծի ավարտից հետո: Այս դեպքում ապրանքի կյանքի ցիկլը ավելի երկար է, քան նախագծի կյանքի ցիկլը:

ՆԱԽԱԳԾԻ ԿԵՆՍԱՑԻԿԼ

Նախագծի կենսացիկլն այն փուլերի հաջորդականությունն է, որն անցնում է նախագիծն մեկնարկից մինչև փակումը: Նախագծերը ձեռնարկվում են արտադրանք, ծառայություն կամ արդյունք արտադրելու համար, այնպես որ արդյունքն առաքելուց հետո նախագիծը դադարում է գոյություն ունենալուց, իսկ նախագծի կյանքի ցիկլն ավարտվում է:

Նախագծի կենսացիկլն ունի բազում փուլեր և յուրաքանչյուր փուլում մենք անցնում ենք տարբեր պրոցեսների միջով` նախաձեռնում, պլանավորում, իրագործում, մոնիթորինգ և վերահսկում, փակում: Այսպես, օրինակ, նախագծի կառավարման պլանը ստեղծվում է պլանավորման փուլում, իսկ փաստացի ապրանքը ստեղծվում է իրագործման փուլում: Ընդ որում, չենք մոռանում, որ մոնիթորինգն ու վերահսկողությունն իրականացվում են նախագծի ամբողջ կենսացիկլի ընթացքում: Եվ, վերջապես, արդյունքը հանձնվում է պատվիրատուին, իսկ նախագիծը փակվում է: Ստացվում է, որ նախագծի և դրա արդյունքի` այս դեպքում արտադրանքի կյանքի փուլերը չեն համընկնում, ավելին` տարբեր են:

Նախագծի կենսացիկլի համար կարող ենք առանձնացնել մի քանի բնութագրական կետ, այդ թվում`

  • Ռիսկերն ավելի բարձր են նախագծի սկզբում. որքան առաջ ենք անցնում նախագծի իրականացման մեջ, այնքան ռիսկերը ժամանակի ընթացքում ավելի նվազում են և դառնում են առավել կառավարելի:
  • Հիմնականում նախագծի սկզբում թիմում ներգրավված աշխատակիցների թիվը շատ մեծ չէ: Այն հասնում է առավելագույնին նախագծի իրականացման փուլում, իսկ ահա վերջին` փակման փուլում նորից կարող է նվազել:
  • Գինը, որը մենք վճարում ենք յուրաքանչյուր անգամ փոփոխություն իրականացնելիս (cost of changes), շատ ավելի ցածր է նախագծի սկզբում: Նախագծի առաջընթացի հետ իրավիճակը սկսում է փոխվել և յուրաքանչյուր փոփոխություն մեզ վրա շատ ավելի թանկ է նստում:
  • Նախագծի սկզբում շահագրգիռ կողմերի ազդեցությունն ավելի ուժեղ է:
  • Սովորաբար ֆինանսական և ժամանակային ռեսուրսների մեծ մասը ծախսվում է նախագծի իրականացման փուլում:

ԱՊՐԱՆՔԻ ԿԵՆՍԱՑԻԿԼ

Ապրանքի կենսացիկլն ապրանքի կյանքի տևողությունն է՝ շուկա մուտքից մինչև անկում: Այն ներառում է հետևյալ փուլերը` ապրանքի մշակման փուլ, ապրանքի դուրսբերում շուկա, աճի, հասունության և անկման փուլեր: Այս փուլերը ունեն հստակ հերթականություն և ի տարբերություն նախագծի փուլերի` չեն համընկնում (հիշենք, որ, օրինակ, մոնիթորինգն ու վերահսկողությունն իրականացվում են նախագծի ամբողջ ընթացքում):
Նախագծի կյանքի ցիկլը կարող է լինել ապրանքի կյանքի ցիկլի մեկ կամ մի քանի փուլերի մի մասը:

1-ին` մշակման փուլում ծնվում է գաղափարը և ստեղծվում է ապրանքը: Շուկա դուրսբերման փուլում ապրանքը ներկայացվում է սպառողին և մեկնարկում են վաճառքները: Աճման փուլը բնութագրվում է վաճառքների ակտիվ աճով և շուկայի մասնաբաժնի ընդլայնմամբ: Հասունության փուլում ապրանքն արդեն բավականաչափ ընդունված է սպառողների շրջանում, և վաճառքները հասնում են գագաթնակետին: Վերջին` անկման փուլում ապրանքը հետզհետե իրեն սպառում է, և մենք ունենում ենք վաճառքների տեմպի նվազում: Անկման փուլի պատճառները տարբեր են, բայց վաղ թե ուշ յուրաքանչյուր ապրանք առերեսվում է դառը իրականության հետ. երբեմն, օրինակ, շուկայում ի հայտ են գալիս ավելի մատչելի փոխարինիչներ, կամ տեխնոլոգիական առաջընթացը թելադրում է իր պայմանները և կամ սպառողները, ի վերջո, հագենում են նույն ապրանքը սպառելուց ու վաճառքների նվազած ծավալն այլևս բավարար չի լինում արտադրություն իրականացնելու համար: Ընդ որում, ոչ բոլոր ապրանքներն են հասնում այս վերջին փուլին. երբեմն շուկան ի սկզբանե մերժում է ապրանքը կամ դեռևս մշակման փուլում հանդիպում ենք տեխնոլոգիական խնդիրների և հասկանում, որ արտադրությունն անիրական է: Մի խոսքով, ձախողման պատճառները բազում են:

Ապրանքի պարագայում որոշ փուլեր չունեն ժամանակային սահմանափակումներ և կարող են տևել այնքան երկար, որքան շուկան թույլ է տալիս:

Նախագծի և ապրանքի կենսացիկլեր. Տարբերություններ

Ստորև կներկայացնենք ապրանքի և նախագծի կենսացիկլերի մի քանի տարբերությունները.

  • Ապրանքի կենսացիկլը կարող է ներառել մեկ կամ մի քանի նախագծերի կենսացիկլեր:
  • Սովորաբար ապրանքի կենսացիկլն ավելի երկար է, քան նախագծի կենսացիկլը:
  • Նախագծի կենսացիկլը որոշակի սահմանված ավարտ ունի, այն դեպքում երբ ապրանքի կենսացիկլի երկարությունը կանխորոշելը դժվար է:
  • Որքան էլ նախապես պլանավորենք և փորձենք կանխատեսումներ անել, ապրանքի կենսացիկլի ճանապարհային քարտեզի կանխորոշումն անշնորհակալ գործ կլինի, քանի որ այն կախված է շուկայական պայմաններից: Միևնույն ժամանակ, նախագծի ճանապարհային քարտեզը շատ ավելի հստակ է և նախապես պլանավորված:
  • Ապրանքի դեպքում կենսացիկլի փուլերը հաջորդում են իրար հստակ հերթականությամբ, իսկ նախագծի կենսացիկլի դեպքում փուլերը կարող են լինել ինչպես հաջորդական, այնպես էլ` ոչ: