back button menu

Դրական ռիսկերի արձագանքման ռազմավարություններ. Enhance Risk Response VS Exploit Risk Response

Ինչ նախագիծ էլ իրականացնենք, մենք միշտ բախվելու ենք ամենատարատեսակ ռիսկերի հետ, չէ՞ որ դրանցից խուսափելն անհնար է: Միակ բանն, ինչ կարող է օգնել այս դժվարին հարցում, ռիսկերի կառավարումն է` նախաձեռնողական գործընթաց, որը օգնում է կառավարել ռիսկերը` նախքան դրանց ի հայտ գալը։

Նախագծեր իրականացնելիս մենք կհանդիպեք երկու տեսակի ռիսկերի՝ բացասական ռիսկեր և դրական ռիսկեր։ Բացասական ռիսկերը կարող են վնասել մեր նախագծի նպատակների իրագործմանը, իսկ ահա դրական ռիսկերը կարող են ունենալ որոշ դրական ազդեցություններ նախագծի վրա։

Եվ քանի որ ռիսկերը տարբեր են, դրանց կառավարման ռազմավարություններն էլ, բնական է, տարբեր են: Դրական ռիսկերի կանխատեսման դեպքում մենք փորձելու ենք մեծացնել այդ ռիսկերի ի հայտ գալու հավանականությունը, դե իսկ բացասականի դեպքում` բոլոր ջանքերն ուղղելու ենք վերջիններիս ի հայտ գալու հավանականության բացառմանը կամ ռիսկերի ազդեցության նվազմանը:

Բացասական ռիսկերը կառավարելու համար  կիրառվում են հետևյալ ռազմավարությունները`

  • Մեղմացում / Mitigate
  • Խուսափում / Avoid
  • Փոխանցում / Transfer
  • Ընդունում / Accept
  • Տեղափոխում առավել բարձր կառավարման օղակ  / Escalate

Իսկ դրական ռիսկերի կառավարման համար կիրառելի են հետևյալ ռազմավարությունները՝

  • Ուժեղացում / Enhance
  • Շահագործում / Exploit
  • Կիսում / Share
  • Ընդունում / Accept
  • Տեղափոխում առավել բարձր կառավարման օղակ  / Escalate

Երբ խոսքը գնում է դրական ռիսկերի արձագանքման ռազմավարությունների մասին, շատ հաճախ դրանցից երկուսը` «ռիսկի ուժեղացում / enhance» և «ռիսկի շահագործում / exploit» ռազմավարությունները իսկական շփոթության մեջ են գցում բոլորիս, չէ՞որ երկու դեպքում էլ փորձում ենք իրացնել ընձեռնած հնարավորությունները: Բայց կա՞ն, արդյոք, տարբերություններ և որո՞նք են դրանք, եկե'ք հասկանանք: 

Enhance Risk Response / Ուժեղացում

Այս ռազմավարության կիրառման ժամանակ մենք մեծացնում ենք դրական ռիսկի ի հայտ գալու հավանականությունը և/կամ դրա ունեցած ազդեցությունը:
Այս դեպքում դուք ձեռնարկում եք տարբեր միջոցներ, որպեսզի իրադարձությունը ի հայտ գա, պատահի և/կամ փորձում եք մեծացնել դրա ունեցած ազդեցությունը, բայց որևէ հավաստիացում չկա, որ այն տեղի կունենա, այսինքն՝ հնարավորությունը կարող է իրացվել կամ չիրացվել:

Օրինակ

Ենթադրենք, դուք կառուցում եք շինություն, և հանկարծ հաճախորդը ասում է ձեզ, որ նա ձեզ կտրամադրի դրամական պարգև, եթե դուք ավարտեք նախագիծը պլանավորվածից երկու ամիս շուտ։ Հետևաբար, դուք որոշ միջոցներ եք ձեռնարկում այդ հնարավորությունն իրացնելու համար։
Ինչպես տեսնում եք վերոնշյալ օրինակում, դուք պարզապես փորձում եք շուտ ավարտել նախագիծը՝ առաջարկվող հնարավորությունից օգտվելու համար, այսինքն՝ դուք փորձում եք մեծացնել նախագիծն ավելի շուտ ավարտելու հավանականությունը։ Բայց չկա ոչ մի երաշխիք, որ դուք իսկապես կիրացնեք այդ հնարավորությունը։

Սա «ուժեղացում / Enhance» ռիսկերի արձագանքման ռազմավարության վառ օրինակ է։

Exploit Risk Response / Շահագործում

Այս ռազմավարության կիրառման դեպքում մենք անում ենք ամեն հնարավորը, որ իրադարձությունը ի հայտ գա, կատարվի: Ռիսկի արձագանքման այս ռազմավարության դեպքում մենք պետք է համոզված լինենք հնարավորությունը իրացնելու հարցում, լրջորեն ընդունենք այն և մշակենք դրա իրականացման հստակ ռազմավարությունը: Պարզ ասած, «ռիսկի շահագործում» ռիսկերի արձագանքման ռազմավարության միջոցով մենք բարձրացնում եք իրադարձության ի հայտ գալու հավանականությունը մինչև 100%:

Օրինակ

Ենթադրենք՝ դուք կառուցում եք շինություն, և հանկարծ հաճախորդը ձեզ ասում է, որ նա ձեզ կտրամադրի դրամական պարգև, եթե դուք ավարտեք նախագիծը պլանավորված ավարտի ամսաթվից երկու ամիս շուտ։

Սա հնարավորություն է ձեզ համար, և ղեկավարությունը խնդրում է անպայման իրացնել այն: Հետևաբար, դուք անում եք ամեն ինչ` նախագիծը վերջնաժամկետից  երկու ամիս շուտ ավարտելու համար: Ձեր թիմը սկսում է աշխատել արտաժամյա գրաֆիկով, դուք ներգրավում եք ավելի շատ աշխատակիցների, մոտիվացնում եք թիմի անդամներին՝ խոստանալով պարգևներ, եթե նրանք օգնեն ձեզ ժամանակից շուտ ավարտել նախագիծը և այլն:

Սա «շահագործում» ռիսկերի արձագանքման ռազմավարության օրինակ է, քանի որ հնարավորությունն իրացված է: Այս ռազմավարության կիրառման դեպքում դուք անում եք ամեն ինչ` հնարավորությունն իրացնելու համար: Դուք պարզապես չեք փորձում օգտվել ընձեռված հնարավորությունից. դուք համոզվում եք, որ հասնում եք նպատակին:

Ահա մի շարք տարբերություններ՝ ռիսկի արձագանքման ուժեղացման և շահագործման ռազմավարությունների միջև.

  • «Ուժեղացում/enhance» ռիսկերի արձագանքման ռազմավարության կիրառման դեպքում դուք փորձում եք իրացնել հնարավորությունը, իսկ «շահագործում/exploit» ռիսկերի արձագանքման ռազմավարության դեպքում դուք ապահովում եք հնարավորության իրացումը:
  • «Ուժեղացում/enhance» ռիսկերի արձագանքման ռազմավարության կիրառման դեպքում դուք մեծացնում եք հնարավորության պատահելու հավանականությունը, իսկ «շահագործում/exploit» ռազմավարության դեպքում` մեծացնում այն մինչև 100%:
  • «Ուժեղացում/enhance» ռիսկերի արձագանքման ռազմավարությունը կարելի է համարել բացասական ռիսկերի կառավարման «մեղմացում/mitigate» ռազմավարության հակապատկերը, մինչդեռ «շահագործում/exploit» ռազմավարությունը «խուսափում/avoid» ռիսկերի արձագանքման ռազմավարության հակապատկերն է: