back button menu

Հաղորդակցություն. Վերև, ներքև, աջ, ձախ` սա մարմնամարզություն չէ

Հաղորդակցությունը կազմակերպության շարժիչ մեխանիզմն է. մենք անընդհատ գտնվում ենք տարատեսակ ինֆորմացիոն հոսքերի հորձանուտում, փոխանցում և ստանում ենք տեղեկատվություն, այլ կերպ ասած` հաղորդակցվում ենք` լավագույն արդյունքին հասնելու ակնկալիքով:

Հաղորդակցության ձևավորված ճիշտ մշակույթը, հասանելիությունը ճիշտ ժամանակին և ճիշտ աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը ընկերության ներսում դրական աշխատանքային մթնոլորտ ստեղծելու լավագույն մեթոդներից են և, ինչն առավել կարևոր է, շատ դեպքերում չեն պահանջում մեծ ֆինանսական ներդրումներ:

Կազմակերպության ներսում ինֆորմացիոն հոսքերը կարող են տեղաշարժվել տարբեր ուղղություններով, լինել ֆորմալ կամ ոչ ֆորմալ, հստակ կանոնակարգված կամ ոչ: Կախված հոսքի ուղղությունից` առանձնացնում են հաղորդակցության հետևյալ տեսակները՝

  • Վարից վեր հաղորդակցություն
  • Վերից վար հաղորդակցություն
  • Հորիզոնական հաղորդակցություն
  • Խաչաձև / անկյունագծային հաղորդակցություն

Վարից վեր հաղորդակցություն / ներքևից վերև

Վերջին ժամանակներում այս ձևը բավականին մեծ տարածում գտավ, ինչը պայմանավորված է ընկերությունների ներսում մարդկային կապիտալի առավել արժևորման հետ: Առաջնորդության տեսության համաձայն` աշխատակիցները շատ ավելի մոտիվացված են, երբ նրանց կարծիքը լսելի է և թիմի յուրաքանչյուր անդամ զգում է, որ իր ներդրումն է ունենում կազմակերպության զարգացման և կառավարման գործում:

Այսպես, երբ կազմակերպության հիերարխիկ կառուցվածքի ներքևի օղակներում գտնվող աշխատակիցները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց դժգոհություններն ավելի վերև` կառավարող օղակներին, ուրեմն մենք գործ ունենք հաղորդակցման հենց այս տեսակի հետ, այսինքն՝ հաղորդակցության հոսքի վարից վեր։

Ահա, թե ինչու է հաղորդակցման այս տեսակը կենսական` ընկերության հաջողության համար՝

  • Աշխատակիցներն իրենց ներդրումն են ունենում կիրառվող համակարգերի և ընթացակարգերի բարելավման գործընթացում։ Աշխատակցի կողմից առաջարկված դրական փոփոխության իրագործումը տվյալ աշխատակցի մոտ ամրապնդում է ընկերության հետ կապվածության զգացումը և, իհարկե, նպաստում ընկերական մթնոլորտի ստեղծմանը։
  • Աշխատակիցների կողմից հետադարձ արձագանքն ընդունելը խրախուսում է ոչ նպաստաբեր մոտեցումների մասին բաց կերպով արտահայտվելու մշակույթի ձևավորումը, իսկ սա ճանապարհ է հարթում կազմակերպության շարունակական զարգացման համար։
  • Աշխատակիցների կողմից բարձրաձայնված դժգոհությունները նկատի առնելն ու դրանց լուծումներ առաջարկելը բացառում է աշխատանքային միջավայրում ավելորդ լարվածությունը և բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը։
  • Աշխատակիցների հետաքրքիր առաջարկներն ընդունելը և, որպես հետևանք,  նրանց իսկ նախաձեռնություններով ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող փոփոխությունները օգնում են աշխատակիցներին առավել հեշտ ադապտացվել նաև ղեկավարության կողմից իրականացվող այլ փոփոխություններին։
  • Եվ վերջում, հաղորդակցման այս տեսակի ամենակարևոր առավելությունն աշխատակիցների և ղեկավարության միջև համագործակցության բարձր մակարդակի ապահովումն ու փոխադարձ վստահության միջավայրի ստեղծումն է:

Չնայած հաղորդակցման այս տեսակի բազմաթիվ առավելություններին՝ որոշ գործոններ կարող են առաջացնել բարդություններ`

Հոգեբանական գործոն. Ոչ բոլոր աշխատակիցները պատրաստ կլինեն իրենց մտքերն ազատ և ազնիվ արտահայտելուն՝ վախենալով աշխատանքը կորցնելուց։ Միևնույն ժամանակ, ոչ բոլոր կառավարիչներն են կարողանում ընդունել իրենց ենթակաների առաջարկները` գերակայության զգացողության և էգոյի պատճառով։

Հիերարխիկ գործոն. Սեփական շահերից ելնելով՝ ղեկավար օղակները կարող են սատարել հիերարխիկ համակարգի պահպանմանը` հրաժարվելով նույնիսկ աշխատակիցների ամենաշահավետ առաջարկներից։

Վերից վար հաղորդակցություն

Հաղորդակցության այս տեսակը նույնքան կարևոր է, որքան դեպի վեր հաղորդակցությունը։ Այն ապահովում է կառավարման բարձր օղակներից դեպի ենթականեր գնացող տեղեկատվության հոսքը։
Հաղորդակցության այս տեսակի առավելությունն այն է, որ, գալով ղեկավար բարձր օղակնից, տեղեկատվությունն աշխատակիցների կողմից ընդունվում է որպես վստահելի և տարակուսանք չի առաջացնում։ Բացի այդ, հաղորդակցության այս տեսակի թափանցիկությունն աշխատակիցների մոտ ստեղծում է ապահովության զգացում և բարձրացնում է ընկերության հանդեպ վերջիններիս հավատարմությունը։

Իսկ ահա թերություններից կարող ենք նշել մենեջմենթի կողմից կատարվող փոփոխություններին աշխատակիցների դիմադրությունը։ Սա կարող է հանգեցնել նաև աշխատակիցների կողմից իրենց ղեկավարների հանդեպ անցանկալի վերաբերմունքի, բացասական նախատրամադրվածության և այլն։ Նման թշնամանքի մթնոլորտն, անշուշտ, բացասաբար կազդի ընկերության արդյունավետության վրա՝ պատճառելով վնասներ ու կորուստներ։

Հորիզոնական հաղորդակցություն

Հաղորդակցության այս տեսակը նմանեցնում են ընկերության ողնաշարին։ Հորիզոնական հաղորդակցությունը հաճախ տեղի է ունենում տարբեր բաժինների ղեկավարների միջև, ովքեր պատասխանատու են որոշումների կայացման և ընկերության սահուն գործունեության ապահովման համար։

Օրինակ, վաճառքների բաժնի ղեկավարը պետք է համոզվի, որ պահեստում առկա է ապրանքների անհրաժեշտ քանակը, որպեսզի վաճառքի մասնագետները կարողանան ձևակերպել հաճախորդների պատվերները։ Նա նաև պետք է կապ հաստատի խանութի կառավարչի հետ, ով իր հերթին մշտական կապ է պահպանում ֆինանսական բաժնի ղեկավարի հետ՝ համոզվելու, որ վճարումները ճիշտ ժամանակին են կատարվում և վաճառքի բաժնի առաքելությունն իրականացված է։ Ֆինանսական բաժնի ղեկավարն էլ, իր հերթին, հետևում է մատակարարման բաժնի ծախսերը հոգալու համար անհրաժեշտ ֆինանսների առկայությանը։

Անկյունագծային կամ խաչաձև հաղորդակցություն

Հաղորդակցության այս տեսակը տեղի է ունենում աշխատակիցների միջև` անկախ հիերարխիկ կառուցվածքից ու զեկուցման շղթայից, այստեղ ընգրկված են ընկերության տարբեր մակարդակների աշխատակիցներ։ Նման հաղորդակցությունը սովորաբար տեղի է ունենում ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ և նպաստում տարբեր բաժինների միջև աշխատանքների համակարգմանը։