back button menu

նախագծերի կառավարման 10 հմտություններ. նպաստե՛նք կազմակերպությունների առաջընթացին

Նախագծերի կառավարումը թվում է պարզ ու հեշտ մինչև այն պահը, երբ առնչվում ես դրա հետ իրական կյանքում և բառերից անցնում ես գործողությունների:

Նախ, հիշենք, որ նախագծի կառավարման հաջողության գրավականը թիմն է, որում միավորված են ամենատարբեր հմտություններ ու կարողություններ ունեցող պրոֆեսիոնալներ։ Այս մարդիկ պատասխանատու են նախագծի պլանավորման և իրականացման համար, իսկ դա շատ ավելին է, քան պարզապես աշխատուժով ու նյութատեխնիկական բազայով զինված լինելը։ Չէ՞ որ հենց մանրակրկիտ և ճիշտ պլանավորումն է, ի վերջո, գծում նախագծի հաջողության և ձախողման միջև նուրբ սահմանը: Սա, իհարկե, փոքր-ինչ բարդ «գիտություն» է, սակայն այն բացահայտելն ու տիրապետելը հաստատ կտա իր արդյունքները:

Եկեք տեսնենք` ի՞նչ է անում վերջապես այդ նախագծերի կառավարումը.

  1. Հստակ քայլերի սահմանում և պլանավորում. նախագծերը բնույթով քաոսային են, այնպես որ բիզնես տեսանկյունից մեր առաջնային գործառույթը պլանավորման միջոցով քաոսի սանձումն է: Սկզբից մինչև վերջ հստակ գծված ուղին երաշխավորում է ծրագրի նպատակներին բավարարող արդյունք։
  2. Ժամանակացույցի սահմանում․ վերջինիս բացակայության դեպքում նախագիծը, ամենայն հավանականությամբ, ուշացում կամ գերծախս է ունենում: Լավ մշակված գրաֆիկը հաջողված նախագծի գրավականն է։
  3. Թիմային աշխատանքի խթանում և խրախուսում․ նախագիծը միավորում է մարդկանց՝ մտքեր փոխանակելու և միմյանց մոտիվացնելու համար։ Համագործակցությունը արդյունավետ պլանավորման և կառավարման հիմնաքարն է։
  4. Ռեսուրսների կառավարում․ մարդկային և ֆինանսական ռեսուրսներն արժեքավոր են, իսկ դրանց անտեղի վատնումը` անթույլատրելի։ Նախագծերի կառավարման այնպիսի դիսցիպլինների կիրառությունը, ինպիսիք են անընդհատ վերահսկողության իրականացումն ու ռիսկերի կառավարումը, երաշխավորում են ռեսուրսների միայն արդյունավետ օգտագործում։
  5. Ինտեգրում. նախագծերը չեն ծնվում և ապրում վակուումային միջավայրում, դրանք գործակցում են շրջապատող աշխարհի հետ: Նախագծերն իրագործվում են որոշակի բիզնես գործընթացների, համակարգերի և կազմակերպությունների աշխատանքի հետ զուգորդված, այնպես որ այս պրոցեսների ներդաշնակ գործունեությունը դառնում է առանցքային նախագծի իրագործման համար։
    Պատկերացրեք, որ դուք փորձում եք կառուցել վաճառքների համակարգ, որը, սակայն, չի ինտեգրվում ձեր վաճառքների գործընթացին և, ընդհանրապես, ձեր կազմակերպությանը: Պարզ է, որ կազմակերպության համար նման գործողությունների ստեղծած նոր արժեքը ձգտելու է զրոյի:
    Նախագծերի կառավարման գործառույթներից մեկը հենց ինտեգրման պրոցեսի կառավարումն է:
  6. Ծախսերի կառավարում․ ճիշտ է` յուրաքանչյուր նախագիծ ունի իր բյուջեն, որի շրջանակներում այն պետք է իրականացվի, սակայն ծախսերի կառավարման կարևորությունն առավել ցայտուն է դառնում, երբ պատկերացնում ես, որ գործ ունես միլիոնավոր դոլարների բյուջեով հսկայական նախագծի հետ: Պատկերացրեցի՞ք: Եթե այո, ապա վստահ հասկացել եք, թե որքան կարևոր է բյուջեի ճիշտ պլանավորումն ու կառավարումը, չէ՞ որ այն զգալիորեն նվազեցնում է գերծախսի հավանականությունը։
  7. Փոփոխությունների կառավարում․ նախագծերի իրականացումը մշտապես տեղի է ունենում մի միջավայրում, որտեղ փոփոխություններից բացի ոչ մի հաստատուն բան չկա։ Դրանք կառավարելը բարդ, երբեմն` սարսափեցնող, սակայն միշտ պարտադիր աշխատանք է։ Նախագծերի կառավարումը ենթադրում է նաև փոփոխությունների կառավարում:
  8. Որակի կառավարում․ որակը ձեր ստեղծած արժեքն է։ Նախագծերի կառավարումը հաստատում է որակի չափանիշներն ու վերահսկում դրանք։ Բարձրորակ արտադրանքը և ծառայությունը որակի կառավարման հետևանք են, դե իսկ գոհ հաճախորդը` աշխատանքի լավագույն գնահատական:
  9. Գիտելիքի կառավարում․ յուրաքանչյուր նոր նախագիծ գիտելիքի մի նոր մեծ պաշարի աղբյուր է (առնվազն պետք է լինի այդպիսին), որը կազմակերպության կարևորագույն և թանկ ակտիվներից է: Նախագծերի կառավարումն ապահովում է գիտելիքի և փորձի հավաքագրում և «պահեստավորում»՝ հետագա օգտագորման նպատակով:
  10. Վերլուծություն. նախագծերը հաջողվում են, երբեմն` ոչ, բայց բոլոր դեպքերում անցած ճանապարհների վերլուծությունը կարևոր է` համապատասխան դասեր քաղելու, ապագայում նույն սխալները չկրկնելու և ճիշտ քայլեր կատարելու համար: Նախագծերի կառավարումը երաշխավորում է այս գործընթացը և օգնում վստահ լինել, որ դասերը քաղված են / lessons learned: